This site is created using Wikimapia data. Wikimapia is an open-content collaborative map project contributed by volunteers around the world. It contains information about 32491996 places and counting.
Learn more about Wikimapia and cityguides.
ԲԱՍԵՆ, Բասեան, Բասեանք. գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, Երասխի վերին հոսանքի շրջանում: Անունն ունի տոհմացեղային ծագում. փասիաններ (բասիաններ) ցեղախումբը հիշատակում է դեռևս Քսենոփոնը: Մեծամասամբ դաշտային է, որի համար հայ մատենագրության մեջ հանդիպում է «Հովիտ մեծ», «Քաջ ընդարձակ հովիտն», «Ընդարձակ դաշտն» անվանումներով: Արտաշեսյանների օրոք Բասենի մեջ են մտել նաև Վանանդ, Հավնունիք և Աբեղյանք գավառները, որոնք որպես առանձին տիրույթներ անջատվել են Հայոց Արշակունի առաջին թագավորների ժամանակ:
Այծպտկունք լեռների ստորոտում՝ Արջահովիտ կոչվող վայրում, գտնվում էր Կապուտրու բերդը, որտեղ սելջուկյան թուրքերի դեմ մարտնչել են հայկական, վրացական և բյուզանդական միացյալ զորքերը (Բասենի ճակատամարտ, 1049թ): Բասենում է տեղի ունեցել նաև Ոսխայի ճակատամարտը (350թ.): Մեծրաց լեռների ստորոտում՝ Ս.Խաչի և Զեկ գետակի մոտ, Մաժանկերտ բերդավանն էր (հնում եղել է իշխանանիստ): Բասենի բերդերից ամենանշանավորը Հասանկալան էր: Հիշատակվում են նաև Բութակը (Բերդակ)` Դու գյուղից հյուսիս և Խնձոր բերդը` Այգեորդ լեռան հյուսիսարևելյան կողմում: Ստորին Բասենի վարչական կենտրոնը Խորասան քաղաքն էր:
Որպես թշնամի տերությունների սահմանագլուխ` Բասենը դարերով եղել է նրանց բախման թատերաբեմ: Թշնամիները բազմիցս ավերել են Բասենի բնակավայրերը, ոչնչացրել հայերին, կողոպտել նրանց ունեցվածքը: 1639թ. թուրք-պարսկական պայմանագրով Բասենը անցել է Թուրքիային, հետագայում մտցվել է Էրզրումի նահանգի մեջ: XIXդ. ունեցել է մոտ 150 գյուղ: Թուրքական տիրապետությունը և ռուս-թուրքական պատերազմները (1828-29թթ, 1877-78թթ.) աղետալի եղան Բասենի հայերի համար, որոնք զանգվածաբար գաղթեցին, իսկ մնացածները ոչնչացվեցին 1915թ. Մեծ եղեռնի ժամանակ:
Recent city comments: